Էջ:Վերք Հայաստանի 27.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օր սրա տանը, մեկ օր՝ նրա, ուրախություն անեն, ղարըբի սիրտն առնեն:

Շատը սուրուով ոչխար էլ էին պահում: Էնպես մարդ կար, որ տարենը երկու հարիր, իրեք հարիր լիտր տանձ, խնձոր, ծիրան ծախում էր ու մեկ էնքան էլ աղքատի ու ճամփորդի ուտացնում յա դեղապետի հմար պահում, որ սարի աղքատ խալխը՝ թուրք, հայ, չունքի բաղ չունին, մեկ հիվանդ պատահելիս՝ գան, տանին, ու իրանց թամարզու նաչարի աչքը դռանը չմնա, չունքի մեր աշխարքումը ինչ հիվանդ էլ որ ըլի, նրա առաջին ու վերջին դեղը պտուղն ա: Պտուղ որ չըլի, ո՛չինչ բան նրան չի՛ փրկիլ, ու լեզուն բերնումը կչորանա, յա հասրաթ կմեռնի: Ամեն մարդ իր բաժակի գինին ալհադա ուներ պահած, որ համ իր եկեղեցուն էր տալիս, համ էլ գեղըցոնցը բաժանում, ուրտեղ բաղ չկար, որ նրա ննջեցելոց հոգին հիշեն: Ամեն նավակատյաց ոչխար ասես, կով ասես՝ մորթում, մատաղ անում, ժամ, պատարագ անիլ տալիս, ժամոց բաժանում ու տանով-տեղով գնում, իրանց սիրելյաց գերեզմանները օրհնիլ էին տալիս ու աղքատներին կշտացնում: Մեկ փարի բան բազարիցը տուն չէ՛ր գալ, բացի իրանց հաքնելու շորիցը. էն էլ՝ կտավ, շապկացու, չուխացու, շատը հարսներն ու աղջկերքն էին նրանց համար մանում, գործում կարում:

Նրանց կնանոնցը որ մտիկ տայիր, խելքդ կերթար. խասի ու ղումաշի միջում կորած էին. բերնըներիցը կտրում էին, օղլուշաղի ոտն ու գլուխը թամուզ պահում. տղամարդը շատ օրը հանդումն ա ըլում, ի՞նչ հաջաթ. կինարմատը միշտ պետք է աբուռով հաքնի, աբուռով մաշի: Մեկը-մեկի ջգրու, շատ անգամ, իրանց օղլուշաղին էնպես էին ծաղկում, զարդարում, ինչպես գարնան վարդը: Սաղրի մաշիկ, կարմիր ծուղեք, ղասաբ, ղրաղները գյուլաբաթնով արած փոխան, ալ դարայի մինթանա (քաթիբա), զառ լաչակ, ղալամքար արխալուղ, սամուր քուրք, արծաթե կոճակներ ու բիլազիգ, քարգահարուր օշմաղ, ճլպինդ, տոտեր, շապկի յախա, ոսկե քամար, յախութ մատանիք, քահրըբար յա մարջան ճտի շարք՝ շատի միջումը ոսկիք, մանեթ, աբասի ծակած, անցկացրած. դոշի քորոց, ականջի օղ՝ որը ոսկի, որը մարգարիտ. մինթանի ղրաղները՝ շատինը մարգարտաշար: Շատի մազերումը ու գլխին հինգ թումանի զարդ ու զարդարանք կար: Շատի ճակատին շարքով յալդուզ ոսկի շարած: Ամեն մեկի կնիկն ու աղջիկը, հենց իմանաս, խանզադա ու բեկզադա ըլեր: Շատը չորս-հինգ հարսն ուներ տանը, որ մեկ տեղը ցավելիս՝ ուզում էին գլխովը պտիտ գան ու ոտները ջուր անեն, խմեն: Գլուխն ու քամակը դեմ անելիս՝ հարսներն ու աղջկերքը իրար հետ բաս էին մտնում, որ իրանք քորեն կամ քութութեն: Տրխըները կամ լաբչըները հանելիս՝ ձեռն էր, որ բան էր ընկնում. որը ոտն էր ճմռում, որը ջուրն էր տաքացնում, որը բերում, որ ոտն ու գլուխը լվանա,